Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ-ն ասաց՝ այո

ԵՄ-ն ասաց՝ այո
24.03.2017 | 01:33

Մարտի 21-ին Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրեցին երկկողմ հարաբերությունների նոր համաձայնագիրը՝ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Սա, իհարկե, վերադարձ չէ 2013-ին, բայց 2013-ին այս համաձայնագիրը պատկերացնելը դժվար էր, երբ հրապարակավ հայտարարվում էր, որ Հայաստանն իրեն երկրորդ գոտի տեղափոխեց, և դրվում էր կամ/կամի խնդիր: Հիմա 2017-ն է, չորս տարում ոչ միայն Հայաստանը, ԵՄ-ն ու աշխարհը փոխվեցին: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ին Բրյուսելում էր, հայտարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը, չասվեց, բայց ենթադրվում էր, որ համաձայնագիրը կստորագրվի ՀՀ ԱԺ ընտրություններից հետո, ամենաշուտը՝ մայիսին: Չէր նշվել և նախաստորագրման ժամկետ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի անցնող տարում: Իհարկե, նախաստորագրումը սոսկ ընթացակարգի սկիզբ է և ունի ավելի շատ քաղաքական, քան իրավական նշանակություն այս պահին: Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը կարող է վկայել.


1. ԵՄ-ի ընդգծված ուշադրությունը ԱԺ ընտրություններին, ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացման կարևորումը:
2. Բացի 7 միլիոն եվրո հատկացնելը ընտրական վերահսկողության մեխանիզմների ձևավորման համար, ԵՄ-ն անհրաժեշտ է համարում իրավական ու քաղաքական աջակցության հրապարակային դրսևորումը:
3. Համաձայնագրի նախաստորագրումը քարոզչական աջակցություն է խորհրդարանական ընտրություններում ներկայացված ուժերին, որոնք Հայաստանի հետագա զարգացումը տեսնում են եվրոպական մոդելով:
4. Համաձայնագրի նախաստորագրումը հանում է մտավախությունը, որ Ռուսաստանը նորից կկասեցնի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ինչպես եղավ ասոցացման համաձայնագրի հետ, երբ չորս տարվա բանակցություններից հետո պատրաստի համաձայնագիրը մի կողմ դրվեց, ու ՀՀ-ն անդամակցեց Մաքսային միությանը: Մոսկվան այս անգամ չբարձրաձայնված վետո չի դնի:
5. Այն ժամանակ Կրեմլի համար կարևորն էր ձախողել Վիլնյուսի ԵՄ գագաթնաժողովի տրիումֆը: Ռուսաստանը Հարավային Կովկասը ամբողջությամբ չկորցրեց՝ Վրաստանը գնաց դեպի ԵՄ և ՆԱՏՕ, Հայաստանը մնաց ռուսական ազդեցության գոտում: Բայց այս ամբողջ ընթացքում կա ՈՒկրաինայի խնդիրը, որ կողմերին ստիպում է շատ տեսակետներ և խնդիրների լուծումներ վերանայել:
6. Հիմա Մոսկվային նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու կամուրջ է պետք, որ կարող է դառնալ Հայաստանի հետ ԵՄ համաձայնագրի ստորագրման բուն փաստը:
7. Եթե ԵՄ-ն երբևէ որոշի լուրջ վերաբերվել ԵԱՏՄ-ին ու համագործակցության մեջ քաղաքական ու տնտեսական իմաստ տեսնի, Հայաստանը կարող է երկու կողմերի համար շփումների հարթակ դառնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ԵՄ-ի և ՀՀ-ի Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը դեռ պետք է ստանա ԵՄ բոլոր անդամների հավանությունը, որից հետո միայն ներկայացվի վերջնական ստորագրման, իսկ դա, բացի քաղաքական խնդիրներից, ժամանակ է պահանջում: Եթե աշխարհաքաղաքական ու տեղական ֆորս մաժորներ չլինեն, փաստաթուղթը կստորագրվի: Բացի քաղաքական ու քարոզչական աջակցությունից նախաստորագրումը Հայաստանի իշխանությունների համար պատասխանատվություն է՝ պարտավորություն լեգիտիմ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձևավորման: Փաստորեն՝ ընտրարշավում լինում են նաև հաճելի անակնկալներ:

Դիտվել է՝ 1042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ